Ողջույնի խոսք

Սիրելի գլաձորցիներ

Մեկնարկում է 2022-2023 ուսումնական տարին, որը նոր ժամանակաշրջան և կյանքի նոր սկիզբ է ամենքիդ համար: Սեպտեմբերի մեկը նշվում է նաև որպես գիտելիքի օր, գիտելիք, որը հազարամյակներ շարունակ եղել է մեր ժողովրդի գերագույն արժեքներից մեկը: Մենք թևակոխել ենք մի դարաշրջան, երբ օր օրի փոխվող համաշխարհային մարտահրավերներին կարող ենք դիմագրավել միայն արդիական գիտելիքներով: Հասարակության մտավոր ներուժն այն գրավականն է, որն ապահովում է ինչպես պետության հզորությունը, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը: Այս համատեքստում շնորհավորում եմ ամենքիդ՝ ուսանողներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին:

Հարգելի առաջին կուրսեցիներ, դուք ընդունվել եք 32-ամյա պատմություն ունեցող Երևանի «Գլաձոր» համալսարան, որն անցել է զարգացման տարաբնույթ, բայց ուրույն ճանապարհ՝ ապահովելով կրթական բարձր մակարդակ. որակյալ պրոֆեսորադասախոսական կազմ, հարուստ ուսումնական,առարկայական ծրագրեր և, իհարկե, գիտական ներուժ: Սովորել «Գլաձոր» համալսարանում՝ նշանակում է լինել մեր կյանքի առաջամարտիկ, հասարակության, ժողովրդի ու մեր երկրի ամենազարգացած և ամենաբանիմաց մարդկանց շարքում: Այսօր դուք ձեր ուսերին եք առնում համալսարանական, գլաձորցի լինելու ծանր, բայց հաճելի պատիվը:

«Գլաձոր» համալսարանը, կարևորելով իր ուսանողների մասնագիտական կատարելության ձգտումը, առաջնորդվում է այնպիսի ուսումնական ծրագրերով, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին` նպաստելով նաև կրթության զարգացմանը տարածաշրջանում և սփյուռքում: Տալով բարձրակարգ շրջանավարտներ Հայաստանի գիտակրթական, քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային ոլորտներին` վստահ կարող ենք ասել, որ մեր բուհը, իրոք, դարձել է պատմական Գլաձորի արժանի շարունակողը: Ճիշտ է, այս փաստը ոգևորիչ է, բայց և պարտավորեցնող, որ ժամանակակից կրթական համակարգում միշտ պահենք ու պահպանենք «Գլաձորին» հատուկ և յուրօրինակ դիմագիծը, ինչն  այսօր անում են մեր հազարավոր շրջանավարտներ՝ պատվով կրելով գլաձորցի անունը:

Գլաձորում ստեղծված են լավագույն մասնագետ դառնալու բոլոր հնարավորությունները, որոնց ճիշտ օգտագործումը կստեղծի Ձեր ապագան։ Օգտվեք Ձեր իրավունքների ճիշտ իրացումից և ապագան կանխատեսելի կլինի։ Գտեք Ձեր ապագան Երևանի «Գլաձոր» համալսարանում։ 

Ժ. Ջհանգիրյան

ԵԳՀ ռեկտոր, իր.գ.դ., պրոֆեսոր