Պատմություն

Երևանի «Գլաձոր» համալսարանը (մինչև 2006 թվականը` «Գլաձոր» կառավարման համալսարան) հիմնադրվել է 1990 թվականին` վերականգնելով և շարունակելով միջնադարյան համալսարանի` ԳԼԱՁՈՐԻ ավանդույթները: Գործունեության 25 տարիների ընթացքում համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակազմը հետևողականորեն և հաստատակամորեն իրականացնում են միջազգային չափանիշներին համապատասխանող ուսումնագիտական գործընթաց:

2000 թվականից «Գլաձոր»-ը գործում է նորակառույց հարմարավետ շենքում:
Համալսարանը, 2001թ. հուլիսի 25-ին, հավատարմագրվել է Հայաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից: 2015 թվականին եվրոպական չափանիշներին և ուղենիշներին համապատասխան «Գլաձոր»-ը հավատարմագրվել է 4 տարի ժամանակով:

2006-2007 ուսումնական տարվանից Երևանի «Գլաձոր» համալսարանում ներդրվել է ուսումնական գործընթացի կազմակերպման և ուսումնառության արդյունքների ակադեմիական կրեդիտների միջոցով հաշվառման կրեդիտային համակարգը: Այս աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար Երևանի «Գլաձոր» համալսարանում 2007-2011թթ. գործել է Կրթական բարեփոխումների, իսկ 2012 թ-ից՝ Որակի ապահովման կենտրոնը:

Համալսարանը կադրեր է պատրաստում Իրավագիտություն, Ֆինանսներ, Համաշխարհային տնտեսագիտություն, Հաշվապահական հաշվառում և աուդիտ, Կառավարում (մենեջմենթ), Միջազգային հարաբերություններ, Լրագրություն, Հայոց լեզու և գրականություն, Օտար լեզու և գրականություն, Թարգմանչական գործ, Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա մասնագիտությունների գծով:

«Գլաձոր»-ը ձեռք է բերել թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների թեմաներ հաստատելու և գիտական ղեկավարներ նշանակելու իրավունք:

«Գլաձոր»-ի շրջանավարտներն այսօր աշխատում ու բարձր պաշտոններ են զբաղեցնում իրավապահ մարմիններում, Սահմանադրական դատարանում, Արտաքին գործերի և Արդարադատության նախարարություններում, Փաստաբանների պալատում, ֆինանսաբանկային համակարգում, թերթերի խմբագրություններում, հեռուստառադիո ընկերություններում, դպրոցներում և այլուր: 

Համալսարանի դասախոսական կազմը համալրվում է գիտության մեջ մեծ ներդրում և փորձ ունեցող դոկտորներով, պրոֆեսորներով և ոլորտում տեսական ու գործնական խորը հմտություններ ունեցող այլ մասնագետներով: Վերջին տարիներին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը համալրվում է նաև թեկնածուական թեզեր պաշտպանած գլաձորյան շրջանավարտներով:

Համալսարանի շուրջ 25 շրջանավարտ գիտությունների թեկնածու են, որոնցից 18-ը դասավանդում են «Գլաձոր»-ում:

«Գլաձոր»-ում զարգանում է նաև գիտական միտքը, ինչի վկայությունն են բուհի դասախոսների հրատարակած մենագրությունները, հոդվածները, գիտական նստաշրջաններում ներկայացված զեկույցների հիման վրա պատրաստված և հրատարակված ժողովածուները և այլն:

Համալսարանի` ժամանակակից տեխնիկայով հագեցվածությունն ուսանողներին տրամադրում է ուսումնական և գիտական աշխատանքով զբաղվելու, ինչպես նաև հանգստի ու ժամանցի լայն հնարավորություններ: Ուսանողներին սպասարկում են գրադարանը, համակարգչային սրահները, առարկայական լսարանները, շուրջօրյա ինտերնետը, օտար լեզուների խորացված ուսումնասիրությունն ապահովող  լինգաֆոնային սրահները, սպորտդահլիճը, բացօթյա սրճարանը և բակը:

Համալսարանը հիմնադրման օրվանից ակտիվ համագործակցում է հայաստանյան և միջազգային մի շարք առաջատար կազմակերպությունների հետ:

Կրթության բնագավառում ունեցած իր ավանդի համար Երևանի «Գլաձոր» համալսարանն արժանացել է շնորհակալագրերի, պատվոգրերի, ոսկե հուշամեդալների: Այսպես, 2005 թվականին Ժնևում անցկացված «Բիզնեսում բարձրորակ» իններորդ միջազգային ֆորումում համանուն միջազգային ֆոնդի կողմից «Գլաձոր» համալսարանին շնորհվել է ոսկե մեդալ՝  «Աշխատանքային գործունեության մեջ բարձր որակի համար», ինչպես նաև՝ ֆոնդի հռչակագրին «Գլաձոր» համալսարանի անդամակցության մասին վկայագիր: «Գլաձոր»-ը պարգևատրվել է ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանի մեդալով, Կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալներով և այլն:

Տարիների նպատակասլաց աշխատանքի ու նվիրվածության շնորհիվ «Գլաձոր» այսօր նշանակում է ինչպես համալսարան, այնպես էլ կրթահամալիր (նախապատրաստական բաժին, հիմնական դպրոց, ավագ դպրոց, քոլեջ, բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա):