Ռեկտորի ողջույնի խոսք

Սիրելի´ այցելուներ

Երևանի «Գլաձոր» համալսարանն իր 25-ամյա պատմության ընթացքում անցել է զարգացման տարաբնույթ, բայց ուրույն ճանապարհ՝ ապահովելով կրթական բարձր մակարդակ. որակյալ պրոֆեսորադասախոսական կազմ, հարուստ ուսումնական, առարկայական ծրագրեր և, իհարկե, գիտական ներուժ: Ի դեմս «Գլաձոր»-ի` առաջ եկավ ՀՀ կրթական մասնավոր բուհական համակարգը, որը նոր երևույթ էր, սակայն խոստումնալից:

«Գլաձոր» համալսարանը, կարևորելով իր ուսանողների մասնագիտական կատարելության ձգտումը, առաջնորդվում է այնպիսի ուսումնական ծրագրերով, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին` նպաստելով նաև կրթության զարգացմանը տարածաշրջանում և սփյուռքում: Տալով բարձրակարգ շրջանավարտներ Հայաստանի գիտակրթական, մշակութային, քաղաքական, սոցիալ-տնտեսական ոլորտներին` վստահ կարող ենք ասել, որ մեր բուհը, իրոք, դարձել է պատմական Գլաձորի արժանի շարունակողը: Ճիշտ է, այս փաստը ոգևորիչ է, բայց և պարտավորեցնող, որ ժամանակակից կրթական համակարգում միշտ պահենք ու պահպանենք «Գլաձոր»-ին հատուկ և յուրօրինակ դիմագիծը:

Տարիների արդյունավետ աշխատանքի շնորհիվ մեր համալսարանը 2001թ. հուլիսի 25-ին Հայաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից առաջինը հավատարմագրվեց: Բուհը մասնակցել է նաև կրթական համակարգերի ներդրման գործընթացների և պատասխանատվությամբ կյանքի կոչել դրանք: Մասնավորապես, ներդրվել են բարձրագույն կրթության եռաստիճան` բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա, այդ թվում` ուսուցման կրեդիտային համակարգերը, որոնց արդյունավետ և կատարյալ իրագործմանն են ուղղված «Գլաձոր»-ի պրոֆեսորադասախոսական կազմի ջանքերը:

Կրթական գործընթացներից բացի` «Գլաձոր»-ում զարգանում է գիտական միտքը: Համալսարանի շուրջ 25 շրջանավարտ գիտությունների թեկնածու են, որոնք դասավանդում են հայաստանյան պետական և մասնավոր բուհերում` փոխանցելով մեր բուհում ստացած գիտելիքները, հմտություններն ու կարողությունները ապագա սերունդներին: Ի պատիվ «Գլաձոր»-ի` իր շրջանավարտները մի շարք պետական կառույցներ են ղեկավարում ՀՀ-ում և մեր երկիրը ներկայացնում միջազգային տարբեր ոլորտներում:

«Գլաձոր» համալսարանն ունի 9 մասնագիտությունների գծով թեկնածուական, դոկտորական դիսերտացիաների թեմաներ հաստատելու և գիտական ղեկավարներ նշանակելու, ինչպես նաև թեկնածուական մինիմումներ ընդունելու իրավունք:

Մեր նվաճումներից մեկն էլ «Գլաձոր» կրթահամալիրում աստիճանաբար ամրապնդվող համանուն դպրոցն է, որն առաջնորդվելով երբեմնի դպրոցին վայել կրթական պահանջներով ու որակներով` նպաստում է հայկական կրթության մրցունակության բարձրացմանը: Վաստակաշատ ուսուցիչները, իրենց ոլորտներում բանիմաց մասնագետներն էլ, հիմնական գիտելիքներից բացի, սովորեցնում են մտածել, տրամաբանել, առաջնորդել` վստահ լինելով, որ նաև «Գլաձոր»-ի աշակերտները կհասնեն բարձունքների տարբեր ոլորտներում:

«Գլաձոր»-ի հաջողություններն ու ձեռքբերումները վկայում են այն մասին, որ կրթահամալիրը հիմնադրման օրվանից կատարում է որակյալ կրթություն ապահովելու առաքելությունը` ամրագրելով իր ուրույն դերն ու նշանակությունը ՀՀ կրթական համակարգում:

Ժորա Դանիելի Ջհանգիրյան
Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր,
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր