Մայիսյան հերոսամարտերն ու առաջին հանրապետության հիմնադրումը գիտական նստաշրջանում

Մայիսյան հերոսամարտերն ու առաջին հանրապետության հիմնադրումը գիտական նստաշրջանում

Պատմության էջերը թերթելիս ամեն անգամ ցանկություն է առաջանում վերընթերցել դրականն ու լուսավորը, այն դեպքերն ու իրադարձությունները, որոնք լուսավորել են հարազատ ժողովրդի կյանքը, հույս ու հավատ ներշնչել ապագայի նկատմամբ: Այդպիսիք են մայիսյան հերոսամարտին վերաբերող հիշողություններն ու պատմաբանների գրչով վավերագրված փաստերը
Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման 100-ամյակին էր նվիրված Երևանի «Գլաձոր» համալսարանի գիտական նստաշրջանի հերթական նիստը, որ տեղի ունեցավ նոյեմբերի 27-ին՝ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսումնառողների մասնակցությամբ: 
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ համալսարանի ռեկտոր, ի.գ.դ., պրոֆեսոր Ժ. Ջհանգիրյանը՝ նշելով. «Մայիսյան հերոսամարտերը յուրատիպ օրինակ են մեր պատմության մեջ, որ հնարավորություն են տալիս հպարտանալու, դասեր քաղելու անցյալից: Ցավոք նմանօրինակ գոտեպնդող իրադարձություններ քիչ են հանդիպել մեր անցյալում: Մենք պետք է վերլուծաբար մոտենանք անցյալին, որպեսզի կերտենք մեր ապագան: Ընդունված սկզբունք է՝ այն ազգն ու ժողովուրդը, որը չի կարողանում հիշել, ապրել իր պատմությունով, չի սերտել պատմության դասերը, վեր չի հանել դրական կողմերը, ապագա չունի»: 
Նիստի ընթացքում հնչած զեկուցումները ներկայացնում էին մեկդարյա վաղեմության իրադարձություններ, բայց և պարունակում տարրեր մերօրյա իրականությունից: «1918թ. Մայիսյան հերոսամարտերը հայ ժողովրդի ազատագրական պայքարի գաղափարախոսության համատեքստում» վերնագրված ելույթով հանդես եկավ համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ, փ.գ.դ., պրոֆեսոր Արամ Սարգսյանը, ով պատմական իրադարձությունները ներկայացնելուն զուգահեռ անդրադարձավ նաև տվյալ ժամանակաշրջանում տիրող հասարակական-քաղաքական մտքի զարգացմանը, գաղափարական մոտեցումներին: Հաջորդ զեկուցումը նվիրված էր հայ ժողովրդի պատմության մի այնպիսի կարևոր իրադարձության, ինչպիսին է հանրապետություն ասվածի ստեղծումը: «Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրումը և կոալիցիոն կառավարության ձևավորումը» թեմայով զեկույցի շնորհիվ «Գլաձոր» համալսարանի պատմության դասախոս, պ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Սարգսյանի մեկնաբանությունները հնարավորություն տվեցին ներկաներին մեկ անգամ ևս կարևորել դեռևս 100 տարի առաջ հայ ժողովրդի ունեցած մեծագույն ձեռքբերումը, որի պտուղները քաղում ենք այսօր՝ երրորդ հանրապետության օրոք: Բանախոսը խոստացավ շուտով ներկաների դատին հանձնել իր հերթական մենագրությունը, որտեղ ավելի ամբողջական կարելի է ծանոթանալ ներկայացված թեմայի դեռևս չլուսաբանված էջերին, մանրամասներին:
Ամփոփելով երկու կարևոր և հետաքրքիր պատմական իրադարձությունների քննարկումը՝ ներկաները ևս մեկ անգամ հիշեցին հայտնի մտածող Նիցշեի խոսքերը՝ «Ապրելու իրավունք ունի այն ժողովուրդը, որն ունի հիշողություն: Իսկ հիշողություն ունենալու համար անհրաժեշտ է պատմություն ունենալ»: