ՍՊԱՍՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԵՏ ԹԵՄԱ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Երևանի «Գլաձոր» համալսարանում այսօր՝ 12.05.2017թ., կազմակերպվել էր Գիտական խորհրդի ընդլայնված նիստ՝ ՀՀ ԿԳ նախարար Լ.Մկրտչյանի մասնակցությամբ: Ընտրվել էր ոլորտի արդիական, հասարակական և քաղաքական կյանքում մեծ նշանակություն ունեցող, հեռանկարային գրեթե ամենակարևոր թեմաներից մեկը՝ բարձրագույն կրթության որակի հիմնախնդիրները: Նիստին ներկա էին համալսարանի պրոֆեսորադասախոսական, ուսանողական և վարչական կազմի ներկայացուցիչները: Նիստը բացեց համալսարանի ռեկտոր՝ Ժ. Ջհանգիրյանը, ով ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց նախարարին՝ նիստին մասնակցելու և ոլորտի շահառուներին հուզող հարցերին պատասխանելու պատրաստակամության համար: Ռեկտորի ողջույնի խոսքից հետո, ելույթով հանդես եկավ նախարար Լ. Մկրտչյանը: Նախարարը նախ նշեց, որ պատիվ ունի գտնվելու մի համալսարանում, որը հանրապետությունում առաջիններից էր, որը փորձել է հանրապետությունում կայացնել շատ կարևոր մի ինստիտուտ՝ մասնավոր բուհական համակարգը: Համալսարանը մասնավոր համակարգում առաջիններից է ստացել պետական հավատարմագրում, ունի տասնամյակների պատմություն, հստակ առաքելություն և որի գործունեությունն ուղղված է իր առաքելության իրականացմանը՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակյալ կադրերի, մարդ-քաղաքացու պատրաստում: Նախարարի համոզմամբ, համալսարանի երկարամյա արդյունավետ գործունեության կարևորագույն հատկանիշներից մեկն էլ այն է, որ համալսարանի ողջ կոլեկտիվը գիտակցում է ի՞նչ առաքելություն ունի համալսարանը, ո՞րն է համալսարանի հիմնական նպատակն ու խնդիրները և նպաստում է դրանց իրականացմանը: Նախարարը խոսեց կրթական համակարգի այժմյան վիճակի, խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների մասին: Ներկայացրեց այն բարեփոխումների ծրագիրը, որը մշակվում է կրթական համակարգում անհրաժեշտ փոփոխությունների, զարգացման և կատարելագործման համար: Նախարարն անդրադարձավ թեմայի առանցքային հատվածին՝ «որակ» հասկացությանը: Նշեց, որ «որակ» հասկացությունն իր պատկերացմամբ ներառում է երեք հիմնական սկզբունքային հասկացություններ՝ գիտելիք, հմտություններ և դաստիարակություն՝ քաղաքացիական պատասխանատվություն: «Կրթության որակն ինքնանպատակ չպետք է լինի: Պետք է հասկանալ ի՞նչ է պետք կրթական համակարգին: Կրթական համակարգը գործիք է, բանաձև, որն ուղղված է հայ տեսակի պահպանմանը: Պետք է պահել այն, ինչ ավանդական է, և անել ներդրում այն ոլորտում, որն արդիական է և անհրաժեշտ»,- նշեց նախարարը: Քննարկվեց նաև կրթական համակարգում առկա բուհերի /պետական և մասնավոր/ քանակի, առաքելության, մատուցվող կրթական ծառայությունների և դրանց՝ աշխատանքային շուկայի հետ կապի մասին: Խոսվեց բուհերի օպտիմալացման ճանապարների, դրանց հնարավորությունների մասին: Կարևորագույն հարցերից մեկը՝ սոցիալական անապահով խավի՝ կրթության մատչելիության ապահովման հարցի լուծումն է, որը հնարավորություն կտա կյանքի կոչել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ սոցիալական պետության գաղափարը: Խոսքով հանդես եկավ նաև ռեկտոր Ժ. Ջհանգիրյանը: Նա խոսեց «որակ», «որակյալ կրթություն», «որակյալ բուհ» և հարցին առնչվող այլ կարևորագույն թեմաների մասին: Ռեկտորի խոսքում առանցքային նշանակություն տրվեց «գիտելիք» հասկացությանը, դրա արժևորմանը մեր հասարակությունում: Նշվեց, որ գիտելիքը որակյալ է, եթե գիտելիքը նպաստում է մարդ- քաղաքացու կայացմանը, ձևավորմանը և կարողանում է բավարարել մարդու պահանջմունքները և նպաստում պետության զարգացմանը: Կարևորագույն հարցադրումներից էր պետության դերակատարումը և քայլերը մարդկային ուղեղների արտահոսքի կանխման հարցում: Նիստն ամփոփվեց հարց պատասխանով ներկաների միջև: Նախարարը նշեց, որ հանդիպումը կլինի շարունակական: Ներկաները շնորհակալություն հայտնեցին նախարարին հանդիպմանը մասնակցելու և ոլորտի առանցքային հարցերի վերաբերյալ համապարփակ տեղեկություն տրամադրելու համար: