Համագործակցության հուշագիր Արարատբանկի և «Գլաձոր» համալսարանի միջև

Համագործակցության հուշագիր
Արարատբանկի և «Գլաձոր» համալսարանի միջև

Բարձրագույն ուսումնական հաստատություն-գործատու կապն ավելի սերտացնելու նպատակով Երևանի «Գլաձոր» համալսարանի և Արարատբանկ ԲԲԸ-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որի առարկան համալսարանում գործող «Ֆինանսներ», «Կառավարում», «Հաշվապահական հաշվառում և հարկում», «Բանկային գործ» մասնագիտությունների կրթական ծրագրերի կատարելագործումն է: Համագործակցությունը ենթադրում է երկու կարևոր ուղղություն, այն է՝ վերոնշյալ մասնագիտությունների համար ծրագրերի մշակում, որը կներառի բոլոր պրակտիկ առարկաները, և որոնք կդասավանդվեն Արարատբանկի գործող մասնագետների և «Գլաձորի» դասախոսական կազմի կողմից: Ինչպես նաև նախատեսվում է ուսումնական բանկի ստեղծում, որը հնարավորություն կընձեռնի մոտեցնել ուսումնական ծրագրերը բանկի պրակտիկ աշխատանքին: Ապագա մասնագետները ուսանողական տարիներին արդեն հնարավորություն կստանան բուհական, բայց պրակտիկ միջավարում տեսնել և յուրացնել այնպիսի գիտելիքներ, ինչպիսիք են բանկի դրամարկղի աշխատանքը, բանկերում որոշումների կայացման գործընթացը՝ վարկերի տրամադրում, նոր պրոդուկտի ներդրում, մարքեթինգի իրականացում, վաճառքի խողովակների փնտրում, ռիսկերի կառավարում և հաշվապահական հաշվառում: «Ուսումնական բանկի նպատակն է ուսանողներին հնարավորություն տալ հասկանալ բանկի կառուցվածքը, գործառույթները և կարողանալ կյանք մտնելուց ճիշտ ընտրություն կատարել, գիտակցել, թե  տնտեսության որ ոլորտն է իրենց հետաքրքրում և բանկի որ աշխատանքն է իրենց հարազատ: Մենք փորձելու ենք տալ բանկային ոլորտի լավագույն գիտելիքները, լավագույն նեոբանկինգի գիտելիքները՝ վարկավորումից մինչև ռիսկերի կառավարում, պլաստիկ քարտեր, մարքեթինգ և այլն, որոնցով աշխատանքի ընդունվելիս մեր շրջանավարտներն ունենալու են գիտելիքներ, պատկերացումներ, որով կարողանալու են մրցել ու լինել առաջատար: Հուսով եմ՝ մեր համագործակցությունը կլինի լավագույնը հայաստանյան բուհական շուկայում»,-իր խոսքում նշեց Արարատբանկի գործադիր տնօրեն, Վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:

«Գիտելիքը լիարժեք է դառնում, երբ տեսականին զուգահեռ ուսումնառողը յուրացնում է նաև պրակտիկ հմտություններ: Մեր համագործակցությունը Արարատբանկի հետ նպատակ ունի համատեղ ծրագրերի միջոցով պատրաստել բարձրակարգ մասնագետներ, որոնք ավարտելուն պես իրենց պահանջված տեղը կզբաղեցնեն ինչպես մեր գործընկեր, այնպես էլ մյուս առևտրային բանկերում,-նշեց Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը՝ հավելելով, որ նման գործընկերության արդյունքում երկու կառույցները կարող են ունենալ լավագույն արդյունք:

Նախատեսվում է համատեղ մշակել համալսարանի կողմից իրականացվող կրթական ծրագրերի բարելավմանն ուղղված առաջարկություններ, ուսումնառողների ուսումնական պրակտիկաները կազմակերպել և անցկացնել Արարատբանկում, համատեղ իրականացնել գիտական հետազոտություններ, անցկացնել գիտաժողովներ, կոնֆերանսներ և սեմինարներ: