Ծնվել է 1942 թվականի հունվարի 1-ին Արարատի շրջանի (ներկայիս Արարատի մարզ) Արարատ գյուղում: 1959 թ.-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1961թ.-ին անցել աշխատանքի Արարատի շինարարական կազմակերպությունում` որպես տասնապետ: 1962-1965 թթ. ծառայել է խորհրդային բանակում, զորացրվելուց հետո` 1966 թ.-ին, ընդունվել է Արարատի ցեմենտ-թիթեղի կոմբինատ` որպես դիսպետչեր: Նույն թ.-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: Բուհն ավարտելուց հետո անցել է աշխատանքի համալսարանի պետական իրավունքի, սովետական շինարարության և միջազգային իրավունքի ամբիոն` որպես ավագ լաբորանտ: 1973-1977թթ. սովորել է համալսարանի ասպիրանտուրայում «Պետական և վարչական իրավունք» մասնագիտությամբ: Ասպիրանտուրան ավարտելուց հետո անցել է դասախոսական աշխատանքի` պետական իրավունքի, սովետական շինարարության և միջազգային իրավունքի ամբիոնում:
1984-1990թթ. աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում (ներկայիս պետական ճարտարապետաշինարարական ինստիտուտ) սկզբում որպես ավագ դասախոս, 1987 թ.-ից` դոցենտ: Լինելով խիստ բազմազբաղ` զբաղվել է գիտահետազոտական աշխատանքով: 1984 թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանում, 2004 թ.-ին` դոկտորական ատենախոսություն` նույն համալսարանում: 2006 թ.-ին ստացել է պրոֆեսորի կոչում: 2008թ.-ից - Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի իսկական անդամ է, ակադեմիկոս:
Դասախոսական և գիտական երկարամյա գործունեությունը գնահատվել է հայրենի իշխանությունների և «Գլաձոր» համալսարանի գիտական խորհրդի կողմից: Պարգևատրվել է ՀՀ վարչապետի Ոսկե մեդալով, Կրթության և գիտության նախարարության, «Գլաձոր» համալսարանի Ոսկե հուշամեդալներով և այլն:
Ամուսնացած է: Ունի երկու որդի, չորս թոռնիկ: |
|